16/06/2016 17:29
Երևանում հունիսի 25-26-ին տեղի կունենա «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը
Երևանում հունիսի 25-26-ին տեղի կունենա «Հարթակ» փորձի փոխանակման փառատոնը: Միջոցառման նպատակն է ստեղծել գիտելիքների փոխանակման այլընտրանքային հարթակ՝ միավորելով տարբեր ոլորտներում ներգրավված փորձառու մասնագետների:
2016թ-ի «Հարթակ» փառատոնի հիմնական թեման է շրջակա միջավայրը և բնապահպանական խնդիրները:
Փառատոնի շրջանակում կանցկացվեն մոտ 50 վարպետաց դասընթացներ չորս թեմաների շուրջ՝ «Արվեստ և տեխնոլոգիաներ», «Հոգի և մարմին», «Արա ինքդ» և «Խոհարարություն»: Յուրաքանյուր թեմայի շրջանակում կանցկացվեն դասընթացներ ու քննարկումներ Հայաստանում և, առհասարակ, ողջ աշխարհում առանցքային բնապահպանական խնդիրների, մարտահրավերների ու վերամշակման մշակույթի միտումների վերաբերյալ:
Միջոցառման բանախոսներն են բնապահպանական կառավարման ոլորտի փորձագետներ, տեղացի ստեղծագործողներ, ինչպես նաև արտերկրից ժամանած անվանի արվեստագետներ, ինչպես նկարիչ Ռոբին Չութերը Միացյալ Թագավորությունից, աշխարհի լավագույն հարյուր սննդի լուսանկարիչների ցանկում ընդգրկված Ալեքսանդր Սլադնյեվը Ուկրաինայից, բնապահպանական ակտիվիստ Սեփ Ֆոգլը Գերմանիայից, երաժիշտ Արաշ Ազադին Իրանից և այլք:
Հունիսի 24-ին փառատոնի մեկնարկին կնախորդի «Բնական լանդշաֆտները և ես» խորագրով բաց քննարկումը, որին կմասնակցեն պետական կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և առնչվող ոլորտների փորձագետներ:
«Հարթակ» փորձի փոխանակման փառատոնն առաջին անգամ իրականացվել է 2015թ-ին Երևանում:
Հարթակի գործընկերներն ու աջակիցներն են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Հայաստան ծառատունկ ծրագիրը («Էյ-Թի-Փի»), Ռոստելեկոմ ընկերությունը, Food Adventures-ը, Deem Communications ընկերությունը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Art Basis, Antenor, ԱրմԱս, «Դեպի Հայք» կազմակերպությունները, «Միրզոյան» գրադարանը, Aysor.am լրատվական կայքը, Դար 21 հեռուստաընկերությունը. Sputik Հայաստան լրատվական գործակալությունը, Հանրային Ռադիոն, iRest.am-ը, Eritasard.am երիտասարդական առցանց պարբերականը, The Armenite պարբերականը, Արմթայմս լրատվական կայքը:
Բանախոսների, ինչպես նաև դասընթացների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ «Հարթակ»-ի պաշտոնական վեբ-կայքում` www.hartakyerevan.com: