30/06/2016 10:10
Նալբանդյանը փակ հադիպմանը վստահեցրել է, որ Պետերբուրգում բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ քննարկման առարկա չի դարձել
Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը: Այն տեղի է ունեցել ԱԳՆ շենքում, փակ ձևաչափով:
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ ի սկզբանե հանդիպումը նախատեսված է եղել անցկացնել ժամը 18-ից 20-ը՝ 2 ժամ, սակայն պատգամավորները հանդիպմանը ներկայացել են մոտ մեկ ժամ ուշացումով, ուստի զրույցը նախատեսվածից կարճ է եղել:
Թերթի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Նալբանդյանը պատգամավորներին հավաստիացրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած եռակողմ բանակցությունների ժամանակ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ քննարկման առարկա չի դարձել: ՀՀ արտաքին գործերի նախարարն ասել է, որ բանակցությունների միակ առարկան եղել է շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը: