30/06/2016 09:56
Ստեփան Դեմիրճյանը չի բացառել ՕԵԿ-ի հետ դաշինքով ընտրությանը մասնակցելու տարբերակը
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանից «Ժողովուրդը» փորձել է պարզել, թե 2017-ի ԱԺ ընտրություններում կուսակցություններից ում հետ կհամագործակցի, մասնավորապես ՀԱԿ-ի հետ կրկին դաշինք կկազմի՞, թե՞ ոչ:
«Հայ ազգային կոնգրեսի հետ ունենք դաշինքային, կարելի է ասել, համագործակցություն, բնականաբար, կա սերտ համագործակցություն, ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրան կանդրադառնանք ավելի ուշ, աշնանը»,- ասել է Դեմիրճյանը:
Հնարավոր է՝ ՀԺԿ-ն միանա անվանափոխված ՕԵԿ-ին, այսինքն՝ «Հայկական վերածնունդին» կամ էլ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը: Ի վերջո, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆինանսավորում է «Հայկական վերածննդին», իսկ Աբրահամյանը և Դեմիրճյանը խնամիներ են:
Ի պատասխան, ՀԺԿ նախագահն ասել է.«Ես ինչ-որ ասելու էի, ասացի: Ընտրությունների հետ կապված հարցերին կանդրադառնանք ավելի ուշ՝ աշնանը, այսօր ես ավելին ասել չեմ կարող»:
Հիշեցնենք, որ Ստեփան Դեմիրճյանի դուստրն ամուսնացած է Արա Աբրահամյանի քրոջ որդու հետ: