30/06/2016 20:24
Վարդավառին և Խաղողօրհնեքին հաջորդող մեռելոցները աշխատանքային օրեր են լինելու
Եկեղեցու տաղավար տոներից՝ Քրիստոսի պայծառակերպության (Վարդավառին) հաջորդող երկուշաբթի օրը` հուլիսի 4-ը, լինելու է աշխատանքային օր:
Ըստ եկեղեցու տոմարի, հինգ Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները մահացածների հիշատակման օրեր են:
Վերջին տարիներին, կառավարության որոշմամբ, երկուշաբթիները ոչ աշխատանքային էին հայտարարվում, իսկ աշխատանքային օրը տեղափոխվում էր հաջորդ շաբաթ:
Սակայն, հունիսի 30-ի նիստի ժամանակ կառավարությունը նման որոշում չի կայացրել, հետևաբար, երկուշաբթին լինելու է աշխատանքային օր:
Aysor.am-ի տեղեկություններով՝ կառավարության և Եկեղեցու միջև լուռ փոխհամաձայնություն է ձեռք բերվել տարվա ընթացքում եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային հայտարարելու վերաբերյալ որոշակի փոփոխություններ կատարել:
Ըստ այդմ՝ որոշվել է, որ հանրության մոտ առավել կարևորություն ունեցող տոներից հետո՝ օրինակ Սուրբ ծնունդ, Սուրբ Հարության և Սուրբ Խաչի տոներին հաջորդող մեռելոցները սահմանել ոչ աշխատանքային, իսկ Վարդավառին (Քրիստոսի պայծառակերպության) և Խաղողօրհնեքին (Վերափոխումն Սուրբ Աստվածածնի) հաջորդող երկուշաբթիները աշխատանքային են լինելու:
Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել անցյալ տարվա վերջին: