30/06/2016 18:09
Հարաբերությունները ամբողջությամբ կարգավորելու համար Թուրքիան պետք է խոցված ինքնաթիռի համար փոխհատուցում վճարի. ՌԴ դեսպան
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները ամբողջությամբ կարգավորելու համար Թուրքիան պետք է խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի համար փոխհատուցում վճարի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «T24» լրատվական կայքը, փոխանցում է Ermenihaber-ը:
Կարլովը հիշեցրել է Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պայմանները հարաբերությունների կարգավորման համար: «Վլադիմիր Վլադիմիրովիչը պարզորոշ հայտնել է մեր ակնկալիքները հարաբերությունների կարգավորման համար: Դրանք են ներողություն խնդրել, մեղավորներին պատժել և փոխհատուցում վճարել: Առաջինը կատարվել է, այժմ հերթը հասել է 2-րդին և 3-րդին», - նշել է Ռուսաստանի դեսպանը:
Թուրքիայի իշխանությունների՝ փոխհատուցում վճարելու վերաբերյալ հայտարարություններն իրարամերժ են: Նախ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը տեղեկացրել էր, որ իրենք կքննարկեն փոխհատուցում վճարելու հարցը, եթե սպանված ռուս օդաչուի ընտանիքը նման պահանջ ներկայացնի: Այնուհետև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը բացառել էր այդ հնարավրությունը՝ նշելով. «Ռուսաստանին փոխհատուցում վճարելու մասին խոսք չի կարող լինել»: