30/06/2016 17:31
Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգը հագեցած է. Հովիկ Աբրահամյան
Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը լավ հիմք է երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիի հետ հանդիպմանը, փոխանցում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը լավ հիմք է երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման համար:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է և տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները նպաստում են հայ-վրացական փոխգործակցության հետագա զարգացմանը:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների իրավական գերատեսչությունների համագործակցությունից և այդ համատեքստում կարևորել արդարադատության ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը նպաստել է համագործակցության ընդլայնմանը:
Կախա Կախիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վարչապետ Աբրահամյանին փոխանցել Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Կվիրիկաշվիլիի ջերմ ողջույնները:
Կախիշվիլին նշել է, որ Վրաստանի իշխանությունները մեծապես կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության և արդարադատության:
Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարարի խոսքով՝ իրենք պատրաստ են խորացնել և ընդլայնել հայ գործընկերների հետ փոխգործակցությունը, իրականացնել փորձի փոխանակում նաև պրոբացիոն ծառայության ոլորտում, որը Վրաստանում հաջողությամբ գործում է: