30/06/2016 16:21
Գյուղնախարար. Արմավիրում մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի շուրջ 86%-ը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հետևել է բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին: Այս նպատակով մարզպետի ուղեկցությամբ նա այցելել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք, տեղեկանում ենք Գյուղնախարարության լրատվական ծառայությունից:
«Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք է կատարվել: Մեր տվյալներով, չնայած գարնանը գրանցված կարկտահարության և ցրտահարության դեպքերին, Արմավիրի մարզում ընդհանուր առմամբ բավականին լավ բերք է սպասվում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով մարզի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին արձանագրված հաջողություններին` նախարարը գոհունակությամբ նշել է, որ այստեղ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել, և ներկայումս մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի շուրջ 86%-ը կամ 35770 հեկտար:
Նախարարն ընդգծել է՝ պտուղ-բանջարեղենի մշակության արմավիրցի շատ ֆերմերների փորձն արժանի է ընդօրինակման, այստեղ հստակորեն պահպանվում են ագրոտեխնիկայի կանոնները, ինչի շնորհիվ տարեցտարի ավելանում են բերքատվությունն ու արտադրության ծավալները:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր հերթին նշել է, որ Արմավիրում արդեն մեկնարկել է ծիրանի, պղպեղի, ձմերուկի և սմբուկի բերքահավաքը: Նրա խոսքով` մարզում ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ մշակվել է շուրջ 1700 հեկտարով ավել հողատարածք, ինչը թույլ է տալիս ակնկալել բանջարաբոստանային մշակաբույսերի 40-45 հազար տոննայով ավել բերք: