30/06/2016 13:54
Այսօր՝ հունիսի ամենաշոգ օրն է. վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի
Այսօր սպասվում է հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը. Արարատյան դաշտում, Մեղրիի հատվածում և Երևանում ցերեկը կգրանցվի մինչև 38 աստիճան տաքություն, որը նորմայից բարձր է 4-ից 5 աստիճանով, լրագրողներին այսօր հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հուլիսի 1-ից Սև ծովի տարածքից Հայաստանի Հանրապետություն կներթափանցի ցիկլոնային դաշտ, որը գործելու է մինչև հուլիսի 8-ը: Ի դեպ, ցիկլոնն ունի այնպիսի առանձնահատկություն, որ հիմնականում երեկոյան ժամերին է ակտիվանալու:
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալի փոխանցմամբ՝ հանրապետության որոշ հատվածներում օրվա առաջին կեսը կլինի առանց տեղումների, երկրորդ կեսին` անձրև և կարկուտ կլինի: Լոռու, Տավուշի ու Շիրակի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի լեռնային գոտիներում ցիկլոնի ազդեցությունն ավելի սրված կարտահայտվի, քան՝ Արարատյան դաշտում:
Տավուշի, Լոռիի ու Շիրակի մարզերում տեղումները կսկսվեն ոչ թե երեկոյան ժամերին, այլ` ցերեկը՝ ժամը 14:00-ից 15:00-ից հետո: Սուրենյանի խոսքով՝ մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի:
«Երևանում հուլիսի 1-ին կլինի 36 աստիճան տաքություն, հուլիսի 2-ին` 35, հուլիսի 4-ին՝ 34, հուլիսի 5-ին` 33: Հուլիսի 5-ից հետո ջերմաստիճանը կմնա անփոփոխ, օդի ջերմաստիճանը կմոտենա նորմային ու կունենանք այնպիսի եղանակ, որը համահունչ է մեր կլիմայական պայմաններին», - նշեց նա: