30/06/2016 14:35
Չինաստանում հանուն մարդկային օրգանների սպանվել է մեկուկես մլն խղճի բանտարկյալ
Չինաստանում սև փոխպատվաստման տարածման մասին նոր զեկույցի համաձայն՝ երկրում սպանվել է մեկուկես մլն խղճի բանտարկյալ՝ հանուն մարդկային օրգանների, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
Ինչպես հաղորդվում է, զեկույցը պատրաստել են Կանադայի նախկին պետքարտուղար Դևիդ Քիլգուրը, իրավապաշտպան Դևիդ Մեյթասը և լրագրող Էթան Գութմանը: Զեկույցում նրանք պնդում են, որ չինացի վիրաբույժները տարեկան կատարում են 60-100 հազար այդպիսի փոխպատվաստում՝ չնայած դեռ երկու տարի առաջ այդ պրակտիկայի դադարեցման մասին իշխանությունների հայտարարությանը:
Նշվում է, որ Չինաստանում տարածված մեդիտատիվ պրակտիկայի՝ Ֆալունգունի կողմնակիցներից հանում են սիրտը, լյարդը և այլ օրգաններ: Դրա հետևորդները շատ տասնամյակներ հալածվում են իշխանությունների կողմից:
The Independent-ը գրում է, որ պաշտոնապես Չինաստանի կառավարությունը հայտարարում է օրգանների փոխպատվաստման տարեկան 10 հազար վիրահատության մասին: Սակայն, ըստ հեղինակների, այդ թիվը զգալիորեն նվազեցված է: