01/07/2016 12:54
Հուլիսի 1-ին մեկնարկում է 2016 թվականի ամառային զորակոչը
Հուլիսի 1-ին մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը և տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
Զորակոչն առավել օրինական, արդար և թափանցիկ ապահովելու նպատակով նորակոչիկների զինծառայության վայրի ընտրությունը կատարվում է վիճակահանության սկզբունքով, ինչը հնարավորություն է ընձեռում առավելագույնս կանխել միջնորդավորված միջամտությունները և անօրինական գործողությունները:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:
ՊՆ հայտնում է, որ լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով: