01/07/2016 09:32
Երբ կփոխվի վերնախավը. «Առավոտ»
«Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններում: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած՝ ու՞մ ենք «ՀՀԿ» անվանում: Եթե նկատի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ազգանուններով մարդիկ այլևս չլինեն խորհրդարանում: Բայց եթե խոսքն այս մասին է՝ արդյոք հնարավո՞ր է, որ փոխվի իշխող նոմենկլատուրան, ապա՝ ոչ, նման բան տեղի չի ունենա: Եթե նույնիսկ մեծամասնություն հավաքի որևէ այլ կուսակցություն, դա միևնույն է՝ կլինի լայն իմաստով՝ «ՀՀԿ» («ՀՀՇ», «Կոմկուս»)», - գրել է «Առավոտ»-ի խմբագիրն ու հավելել.
«Հայաստանում չկա «վերնախավերի» փոփոխելիության մեխանիզմ: …Հայաստանում վերնախավը կարող է փոխվել, իհարկե, միայն ընտրական մեխանիզմներով, ինչին առայժմ իշխանությանը հաջողվում է դիմադրել: Որևէ նախանշան չկա, որ դա կարող է տեղի ունենալ 2017 թվականին: Իշխանափոխությունն, այո, բացառված չէ՝ այնպես, ինչպես 1998 թվականին: Դա, ինչպես այն ժամանակ ոչ մի բան չփոխեց, այդպես էլ հիմա չի փոխելու: Էլիտայի փոփոխություն կկատարվի այն ժամանակ, երբ կուսակցությունները հանդես գան ոչ թե «իրար գլուխ ջարդելու», այլ գաղափարական, սկզբունքային դիրքերից: Այսօր կուսակցությունները դրա մասին լսել անգամ չեն ուզում: «Ի՞նչ գաղափարախոսություն այս օրհասական պահին, - ասում է իշխանությունը, - երկիրը փոսի մեջ է, հեսա մենք ռեֆորմներ կանցկացնենք, և ամեն ինչ լավ կլինի»: «Ի՞նչ գաղափարախոսություն այս օրհասական պահին, - 25 տարի ասում է ընդդիմությունը, - հեսա մենք ժողովրդին դուրս կբերենք փողոց, սաղ թալանչիներին կբռնենք, կդատենք, կկախենք, կգյուլլենք, կվառենք, և ամեն ինչ լավ կլինի»: Մոտակա ամիսներին մենք դա ենք լսելու»: