01/07/2016 09:47
Մի քանի օր է՝ հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ առանց սննդի և ջրի, կիզիչ արևի տակ են. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի թղթակիցը նախօրեին մեկնել էր Վերին Լարսի անցակետ՝ ընդամենը 2 կմ հեռավորությամբ, որտեղից 10-12 կմ հեռավորության վրա մեր հայրենակիցները շարունակում են հուսալ, որ մոտ օրերս ճանապարհը կբացվի: Ճանապարհի այս հատվածը փակ է նաև ԶԼՄ-ների համար, մառախուղի պատճառով Կազբեկ լեռը չի երևում, բայց տեղում աշխատող ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացնում է, որ ցանկացած պահի կարող է ևս մեկ սառցաբեկոր հալվել: Տեղի իշխանությունները խստորեն զգուշացրել են ոստիկանությանը՝ ոչ ոքի թույլ չտալ իրենց մեքենաներից առաջ անցնել:
Հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով 1 շաբաթից ավելի է փակվել է Վերին Լարսի անցակետը: Մի քանի տասնյակ բեռնատարներ և մարդիկ շարունակում են անորոշության մեջ մնալ:
Աշոտ Հակոբյանի բեռնատարը կանգնած է հունիսի 23-ից, դեռ քանի օր կմնա նույն տեղում՝ ոչ ոք ոչինչ չի ասում: «Անտարբերության մատնված վիճակի մեջ ենք: Ոչ ոք ոչինչ չի ասում», - մեզ ասացին վարորդները:
Բեռնատարի վարորդ Ալեքսանդր Բալինսկին 7-րդ օրն է՝ չգիտի՝ վերադատնալո՞ւ միջոցներ ձեռնարկի, թե՞ սպասի ճանապարհի բացվելուն, նա բեռը պետք է վերցներ Վերին Լարսից և տաներ Ռուսաստան, Վերին Լարս այդպես էլ չհասավ: Ա. Բալինսկին նշեց, որ ոչ հայկական, ոչ վրացական իշխանությունները ոչինչ չեն անում:
Թերթը գրել է, որ փակուղու մեջ մնացած բեռնատարի վարորդները վստահեցնում են՝ տեղում իրենց վիճակին ծանոթանալու համար հայկական կողմից մարդ չի եկել, օգնության հասած մասնավոր դեպքերն էլ խոչընդոտների են հանդիպել: