01/07/2016 09:42
Նաիրա Զոհրաբյան. «Ես` Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ». «Իրատես»
Նախօրեին ԱԺ-ում թեժ բանավեճ ծագեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև: Պատգամավորներն անգամ անձնական վիրավորանքներ հնչեցրին միմյանց հասցեին:
ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին թերթը զրուցել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ:
-Ինչո՞ւ եք կարծում, որ որոշ քաղաքական ուժեր աղանդավորական ցանցի են վերածվել:
-Վերջին շրջանում մեր քաղաքական ուժերի արմատականությունը, ագրեսիվությունը, միմյանց չխնայելը, ամեն ինչի մեջ միայն վատը տեսնելու մղումը վտանգավոր են դառնում: Հայաստանում այսօր գրանցված է շուրջ 80 քաղաքական միավոր, սա նոնսենս է: Մենք պետք է գնանք դասական կուսակցությունների կայացման ճանապարհով, իսկ մնացած խմբակները, որ պետռեգիստրում 7000 դրամ են վճարում ու կուսակցություն են գրանցում, նոր ասելիք չեն բերում ու առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» ֆորմուլայով: Մեզ նման երկրի համար, որն ունի ղարաբաղյան հիմնախնդիր ու ամեն օր պատերազմի մեջ է, այսպիսի կոդերով քաղաքականություն կառուցողներին կուսակցություն համարելը դժվար է:
-Չնայած Դուք կարծում եք, որ արմատականությունն անընդունելի է, բայց հանրության զգալի հատվածը, որոշ քաղաքական ուժեր ևս կարծում են, որ եթե ընդդիմադիրներն արմատական պահանջներ չեն ներկայացնում, օրինակ, նախագահի, վարչապետի հրաժարականները, ուրեմն իրական ընդդիմություն չեն:
-Ցավոք, հանրությունը երկրում տիրող անարդարությունից այնքան է հիասթափվել, որ մի բան է ուզում` թող հայհոյեն, որ սիրտս հովանա: Բայց հայհոյանքից արդյո՞ք հանրության խնդիրները լուծվում են, իհարկե` ոչ: Քաղաքական այդ խմբակները սպասարկում են հանրային այդ կեղծ պահանջը: Եթե հայհոյելուն հասնի, անհամեստ թող չթվա, բայց ես` Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ: Բայց դա ի՞նչ է լուծելու, է, բերեք հայհոյենք, ամբիոնը գրկենք, հրաժարական պահանջենք, ասենք` երեք րոպեից պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ հարցը լուծվելո՞ւ է: Վաղը հրավիրում ենք Ազատության հրապարակ իշխանափոխության, լինելո՞ւ է: Որպես նախկին լրագրող էլ պիտի ասեմ, որ, ցավոք, մեր ընդդիմությունը միշտ պարտվել է: ՈՒնենք մի իշխանություն, որն ամեն գնով պահում է իշխանությունը: Փողոցի պայքարի միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: