04/07/2016 13:50
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵՄ մոտեցումները փոփոխվելու են. ԵՄ դեսպան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Եվրոպական միության մոտեցումները որոշակիորեն փոփոխվելու են, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«ԵՄ-ն, հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, ցանկանում է բարձրացնել իր` անվտանգության համակարգի վարկանիշը, ինչը որոշակի առումով ազդեցություն է ունենալու ԼՂ հակամարտության հարցում ԵՄ մոտեցումների վրա», - ասաց նա։
«Վերջին ամիսները նոր ընթացք և դինամիկա են հաղորդել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին։ Մայիսին Վիեննայի հանդիպումը նոր փուլ բացեց խնդրի խաղաղ լուծման համար, հունիսին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովը եղավ դրա շարունակությունը։ ԵՄ-ն լիովին սատարում է այդ գործընթացին և Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - ասաց դեսպանը։
Նա տեղեկացրեց, որ վաղը Հայաստան է այցելելու Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
«Նրա այցը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն ցանկանում է ավելի մեծ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում», - ասաց Պ.Սվիտալսկին:
Այդուհանդերձ, վերջինս հայտարարեց, որ ԼՂ հարցի կարգավորմանն ուղղված ջանքերի մասին «շատ խոսել պետք չէ»։
«Խելամիտ չէր լինի դրանց մասին բարձրաձայնել, քանի որ դրանք գտնվում են շատ զգայուն փուլում։ Հիմա լռելու ժամանակահատված է», - ասաց եվրոպացի պաշտոնյան։