11/07/2016 15:58
Լևոն Հայրապետյանին ազատելու համար Երևանում ցույցեր կանցկացվեն
Ըստ իրավապաշտպան Հայկազ Մակարյանի՝ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի գործով նախաքննությունն ու դատավարությունն անցել է բացահայտ խախտումներով:
«Հայրապետյանն ունի մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություն, և այդ վիճակով նրան պահել անազատության մեջ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Նա մեղադրվել է շորթման, յուրացման ու խարդախության համար, սակայն առաջին երկուսը հանվել են: Այդ փաստը և նրա ներկայիս վիճակը լիովին մտնում է տնային կալանքի ու պայմանական ազատության մեջ, սակայն դա ապահովելու համար որևէ քայլ չի արվում», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկազ Մակարյանը:
Իրավապաշտպանը կարծում է, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը պատահական չէր. «Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ֆորումներից մեկի ժամանակ խոսեց հայ օլիգարխիայի կուլակաթափության մասին», - նման տեսակետ հայնտեց իրավապաշտպանը:
Հայկազ Մակարյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն. «Ամեն պատեհ-անպատեհ բան մտնում է ԱԺ օրակարգ, մի՞թե Լևոն Հայրապետյանն արժանի չէ, որ պետական մակարդակով նիստ հրավիրվի, քննարկվի Հայրապետյանի խնդիրը», - նշեց նա:
Իրավապաշտպանը նշեց, որ եթե այսպես շարունակվի, ապա իրենք պատրաստ են անգամ նստացույց անել ՌԴ դեսպանատան շենքի առջև, որպեսզի Լևոն Հայրապետյանի գործը արդար քննվի:
«Ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև որ «Զվարթնոց» օդանավակայանում բոլորս կդիմավորենք Լևոն Հայրապետյանին», - տեղեկացրեց Հ. Մակարյանը: