21/07/2016 14:49
Ով ճանաչում է Մկոյին ու Հովոյին, չի կարող պատկերացնել, որ նրանք որևէ մեկի միտքը կվերցնեն ու կօգտագործեն. «Պլյուս-մինուսի» պրոդյուսեր
Օրերս համացանցում տարածվեց հումորիստ-դերասան Արմեն Ավետյանի հարցազրույցը, որտեղ վերջինս գրագողության մեջ մեղադրում էր սիրված դերասաններ Մկոյի և Հովոյի մասնակցությամբ «Պլյուս-մինուս» ներկայացման ստեղծագործական կազմին: Հարցազրույցում, մասնավորապես, նշվում էր, որ ներկայացման վերջին՝ 10 րոպե տևողությամբ հատվածը, գրեթե կրկնությունն է իր՝ «Այցելություն Հայաստան մայրիկին» ներկայացման մի հատվածի: Հումորիստը նկատել է՝ այս հարցով հանդիպել է «Պլյուս-մինուսի» ստեղծագործական կազմի հետ, ովքեր էլ ընդունել են զուգադիպությունն ու խոստացել շտկել խնդիրը: Սակայն մինչ այժմ խնդրահարույց հատվածը ներկայացման մեջ պահպանվում է:
Aysor.am-ը կապ հաստատեց «Պլյուս-մինուս» ներկայացման պրոդյուսեր Արման Միտոյանի հետ՝ հետաքրքրվելով, թե որքանո՞վ է Արմեն Ավետյանի հայտարարությունը համապատասխանում իրականությանը:
«Իհարկե, մենք հանդիպել ենք իր հետ, խոսել, ներկայացումը նայել… Ով ճանաչում է Մկրտիչ Արզումանյանին և Հովհաննես Ազոյանին, չի կարող պատկերացնել, որ նրանք որևէ մեկի միտքը կվերցնեն ու կօգտագործեն: Տղաները շատ բծախնդիր են իրենց աշխատանքի նկատմամբ, մանրակրկիտ են վերաբերում հումորային ամեն մի համարին, փորձում՝ անգամ իրենք իրենց չնմանվել: Մենք երբեք չենք ցանկանում ուրիշներից վերցնել, մոտ երկու տարի էլ աշխատել ենք այս ներկայացման սցենարի վրա»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց պրոդյուսերը:
Ա. Միտոյանը խոստովանեց՝ թեև մինչ այդ «Այցելություն Հայաստան մայրիկին» ներկայացմանը ծանոթ չեն եղել, բայց խոսակցությունից հետո նայել են, և նկատեց՝ պարզապես երկու ներկայացումն էլ Հայաստանի մասին համար ունեն: Ոչ թե իրադարձությունները, այլ թեման է նույնը. մեկում Հայաստանը հիվանդանոցում պառկած է, մյուսում՝ գնում է բժշկի: Իսկ թե սցենարիստներից ո՞ւմ մոտ էր ծագել հենց վիճահարույց համարի միտքը, պրոդյուսերը պատասխանեց.
«Մեզանից ոչ-ոք այդ ներկայացումը չէր տեսել: «Պլյուս-մինուսի» սցենարական աշխատանքների ընթացքին և՛ ես, և՛ Մկրտիչ Արզումանյանը, և՛ Հովհաննես Ազոյանը միշտ ներկա ենք եղել: Եթե չեմ սխալվում, այս համարի միտքը Մ. Արզումանյանի մոտ է ծնվել, որն էլ սցենարիստները զարգացրեցին… Պարզապես թեման է նույնը: Այդկերպ, եթե մեկը ներկայացման մեջ նախագահի կամ կնոջը դավաճանող ամուսնու մասին համար է ունենում, ապա մեկ ուրիշն այլևս չպետք է անդրադառնա: Այդպես մեր ներկայացումը այս կամ այն հատվածով կարող են նմանեցնել և՛ «Մեա Կուլպա»-ին, և՛ «Խաթաբալադա»-ին… Էլ չասեմ, եթե մեկը իր համարում որևէ քաղաքական գործչի է նմանակում, ապա այդ թեմային այլևս ուրիշը չպե՞տք է դիպչի… Բայց ասեմ, այո, այնտեղ մեկ հումոր կար, որ շատ մեծ նմանություն ուներ, ու մենք ներկայացման հետագա բեմելներում այն փոխել ենք: Նորից եմ կրկնում, վստահ եղեք՝ այդ համարն էլ իրենից չենք վերցրել, պարզապես թեման է նույնը, ու քանի որ իր ներկայացումն ավելի շուտ էր բեմ բարձրացել, որոշեցինք չկրկնվել: Մենք ամենաշատն ենք շահագրգռված որևէ մեկին չկրկնելու ու նման պիտակ չունենալու հարցում: Մեզ դա բոլորովին պետք չի»:
Արմեն Ավետյանն իր «մեղադրականում» նաև նշել էր, որ «Պլյուս-մինուսի» ռեժիսոր Կարապետ Բալյանին ժամանակին պատահմամբ նկատել է իր ներկայացման հանդիսատեսի շարքերում, որտեղ, սովորաբար, հրավիրատոմոսով եկածներն են նստում: Նման հրավիրատոմս ո՛չ նա, ո՛չ իր թիմից որևէ մեկը տված չի եղել: Սակայն, ինչպես ինքն է նշել, այդ ամենը սկզբում տարակուսանքի տեղիք չի տվել, ավելին՝ որպես արտիստ, ուրախացրել է:
Այս հայտարարությանն անդրադառնալով՝ Ա. Միտոյանն ընդգծեց, որ դա բոլորովին անհիմն մեղադրանք է:
«Կարո Բալյանին, որպես ռեժիսոր, ես հրավիրել եմ այն ժամանակ, երբ սցենարն ամբողջովին պատրաստ է եղել, պետք էր բեմադրել: Երբ այս խոսակցություններից հետո իրեն հարցրեցի, անգամ այդ ժամանակ դժվարությամբ մտաբերեց, բայց, միևնույն է, ընդհանրություններ չգտավ… Ոչինչ չունեմ ասելու, շատ նորմալ է, որ այդ տղան շատ սրտացավ է վերաբերում իր ստեղծածին, բայց սա այն բացառիկ թեման չէ, որը ոչ ոքի մտքով չէր անցնի: Եթե 10 համար հորինել ենք, այդ մեկը մեզ համար դժվար չէր լինի գրել, հաստատ ուրիշից չէինք վերցնի»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արման Միտոյանը: