21/07/2016 21:04
Հայաստանը մեծապես շահագրգռված է Հունաստանի հետ սերտ համագործակցության ամրապնդմամբ
Հուլիսի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ նախագահ Պավլոպուլոսը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման ընթացքում:
Նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Չարչօղլյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության իրականացման գործում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և իր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ դեսպան Չարչօղլյանը Հունաստանի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ, ընդարձակմամբ ու շարունակականությամբ:
Նախագահ Պավլոպուլոսի խնդրանքով դեսպան Չարչօղլյանը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը: