22/07/2016 09:24
Վիճաբանության արդյունքում տուժել է նաև Գառնիի գյուղապետը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նախօրեին Կոտայքի մարզի Գառնի համայնքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է նաև գյուղապետը՝ Աշոտ Վարդանյանը։
Թերթի տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում նաև կրակոցներ են հնչել, ու հենց հրազենից ստացված վիրավորումների արդյունքում է համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը տեղափոխվել հիվանդանոց։
Գառնիում շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանության կիզակետում եղել են գյուղապետ Աշոտ Վարդանյանը և նրա քրոջ որդին՝ Արտակը, որը համայնքում հայտնի է Չոռնի մականունով։ Իսկ վեճի առիթը եղել է Գառնիում գործող բենզալցակայանում գյուղապետի ունեցած մասնաբաժնի հարցը։ Վիճաբանության պատճառների և բնույթի մասին «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ գյուղապետ Աշոտ Վարդանյանն ասել է. «Ես չգիտեմ՝ ինչ է եղել, ոստիկանությունից ճշտեք, իմ անունի հետ չի կարող կապվել, ես լավ չեմ, էլ չեմ կարող խոսել»։
Ի դեպ, վերջինս չնայած մարմնական վնասվածքներով բժշկի է դիմել, բայց հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։