22/07/2016 16:56
Գալուստ Սահակյան. Կառավարության հրաժարականի մասին լուրերը բամբասանքի են նմանվում
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հերքեց այսօր մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե կառավարությունը հրաժարական է ներկայացնելու՝ պայմանավորված Էրեբունու ոստիկանության գրավված ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակով:
«Նման երևույթները ավելի շատ բամբասանքի են նմանվում, թե ինչից հետո որը պետք է լինի: Ասեմ հետևյալը, որ մենք աշխատում ենք այնպիսի լուծում գտնել, որի մասին բոլորը նույն կերպ մտածեն», - ասաց Գ. Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում:
«Ինչ վերաբերում է կառավարության անդամի հանելուն, մյուսին հանել՝ նման գործողություններ չեն կարող լինել: Ես կարծում եմ՝ մեր ազգը իր թագավորություններն է կորցրել հենց այդ պատճառով, որ ամեն տասը-քսան հոգին կարող են հավաքվել, ինչ որ մի տեղ գրավել և ասել իշխանություն ենք փոխում՝ չմտածելով, որ այդ իշխանությունն ու ում դեմ որ պայքարում են, դրանք Ղարաբաղյան շարժմանն են մասնակցել, մեծ հեղինակություն ունեն: Եվ ամենածանր ողբերգությունը նա էր, որ մարդը, որը կռվել էր Ղարաբաղյան շարժման ընթացքում և մասնակցել քառօրյա վերջին պատերազմին, առաջին զոհը դարձավ», - հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահը: