22/07/2016 17:02
Գալուստ Սահակյան. ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի օրենքի և փոխզիջման շրջանակում
Էրեբունու գրավված ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի օրենքի և փոխզիջման շրջանակում, ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում:
«Մինչև այսօր իրենց կողմից չկա որևէ խոսք փոխզիջելու, իսկ մենք պատրաստ ենք օրենքի շրջանակում այնպես անել, որ փոխզիջումն ու օրենքը համընկնեն մեկը մյուսին», - ասաց նա:
Գ. Սահակյանը նշեց, որ ցանկացած պահանջ պետք է իրավական լինի:
«Ինչ որ ձևով կարող ենք նաև քաղաքական չափումներ անել և փորձենք խնդիրը լուծել և այդպիսով առաջ գնալ: Առայժմ մենք պետք է մտածենք, ամեն ինչ անենք, որպեսզի պետության դերակատարումը իր տեղում մնա», - ասաց Գ. Սահակյանը:
Նա նաև նշեց, որ զինված խմբի գործողությունները մեծ տրամադրություններ չեն առաջացնում հասարակության մոտ:
«Նրանք պետք է հանձնվեն իշխանությանը: Կարծում եմ՝ դատական կարգով, քաղաքական գործիչներով կորոշենք, որպեսզի ավելի պարզ, դրական և մատչելի լինի և՛ հասարակության համար, և՛ իրենց համար: Նման գործողությունները միշտ վերջում փոխզիջման ճանապարհով են լուծվում: Սա է ամենակարևորը», - ասաց Գ.Սահակյանը: