22/07/2016 15:05
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրում եռամսյա արտակարգ դրություն հաստատելու մասին Էրդողանի որոշումը
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է երկրում եռամսյա արտակարգ դրություն հաստատելու մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը: Այն ուժի մեջ է մտնում հուլիսի 21-ից սկսած, հայտնում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ օրինագծին կողմ է քվեարկել 346 պատգամավոր, դեմ՝ 115-ը: Կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և «Գորշ գայլեր»-ի քաղաքական թևը համարվող ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) պատգամավորները:
Իսկ երկրի գլխավոր ընդիմադիր ուժը՝ «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունը և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավորները դեմ են քվեարկել:
Նախօրեին օրինագծի վերաբերյալ CHP-ի դռնփակ քննարկումից հետո կուսկացության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ իր ղեկավարած կուսակցությունը գործում է հանուն ժողովրդավարության, մինչդեռ MHP-ի ղեկավար Դևլեթ Բահչելին արտակարգ դրություն սահմանելու որոշումը դրական էր գնահատել: