22/07/2016 16:26
Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հայրն ու ամուսինը կարծում են, որ տեղի ունեցածը բժշկական անփութության հետևանք է
Շենգավիթի վարչական դատարանում այսօր շարունակվեց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատական նիստը:
Որպես վկա հարցաքննվեցին տուժողի իրավահաջորդները:
Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, մանրամասներ ներկայացրեց իր աղջկա բուժող բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ու իր դստեր հարաբերություններից:
«Աղջիկս կուրորեն հավատում ու վստահում էր Շուշանիկ Բախշյանին: Մեզ առաջարկել էին տարբեր տեղեր հաշվառվել, բայց նա առարկեց, որ իր բժիշկը պետք է լինի Շուշանիկ Բախշյանը: 2014թ.-ի հուլիսի 23-ին աղջիկս բարձր ջերմություն ուներ, զանգեց ասեց, որ վատ եմ: Կինս ասաց, որ անմիջապես զանգի բժշկուհուն: 10 անգամ զանգում էինք, բայց բժշկուհին չէր պատասխանում հեռախոսին, միայն 11-րդ անգամ մեզ հաջողվեց կապ հաստատել նրա հետ ու առանց հետազոտություն անցկացնելու, առանց Մերիին տեսնելու նա ասաց. «Պարացետամոլ խմի, 4 օրից կանցնի, համատարած վիրուս է»»,- պատմեց Վաղինակ Մարգարյանը:
Չնայած դրան՝ ծննդկանի ջերմությունը շարունակում էր բարձրանալ, նրան տեղափոխեցին հիվանդանոց ու հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացավ:
Ինչպես նրա հայրը, այնպես էլ ամուսինը, կարծում են, որ տեղի ունեցածի գլխավոր պատճառը բժշկական անփութությունն էր:
«Միայն հուլիսի 25-ին հետազոտությունների արդյունքներ ունեցանք ու բժիշկները, տեսնելով, որ դրանք ֆանտաստիկ են, որոշեցին կեսարյան հատում անել: Բայց օրեր անց աղջիկս էլ, թռնուհիս էլ մահացան»,- ասաց Վաղինակ Մարգարյանը:
Նշենք, որ վկաների հարցաքննություններից հետո դատական նիստը նախագահող Դավիթ Բալայանը գնաց ընդմիջման: