22/07/2016 19:36
Ջերմությունը չէր իջնում, իսկ Շուշանիկ Բախշյանը շարունակ կրկնում էր՝ Պառացետամոլ խմի. Հարցաքննվեցին մահացած ծննդկանի հայրն ու ամուսինը
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով նշանակված դատական նիստը:
Որպես վկա հարցաքննվեցին տուժողի իրավահաջորդները՝ հայրը՝ Վաղինակ Մարգարյանն ու ամուսինը՝ Արթուր Հարությունյանը:
«Կինս 2015 թվականի փետրվարին հաշվառվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում` Շուշանիկ Բախշյանի մոտ: Հուլիսի քսանին վերջին անգամ գնացել ենք բժշկուհու մոտ: Առանց հետազոտություն անելու` ասաց, որ ամեն ինչ լավ է, գնանք տուն ու մեկ շաբաթից գանք «էխո» անելու: Երեք օր անց Մերին զանգեց, ասաց, որ ջերմություն ունի, զանգել է Շուշանիկ Բախշյանին, որն էլ խորհուրդ է տվել Պարացետամոլ խմել»,- պատմեց Արթուր Հարությունյանը:
Ծննդկանի ամուսնու խոսքով՝ Մերին հուլիսի 24-ին նորից զանգել է բժշկուհուն, հայտնել, որ 39,6 ջերմություն է ունեցել. «Բժշկուհին ասաց` անալգին-դիմեդրոլ սրսկվի ու արի հիվանդանոց: Գնացինք հիվանդանոց, որտեղ Շուշանիկ Բախշյանն ուղարկեց կոկորդը ու ատամները ստուգելու: Երկու դեպքում էլ խնդիր չկար, իսկ բժշկուհին շարունակում էր կրկնել, որ եթե էլի ջերմություն ունենա, Պարացետամոլ խմի»:
«Ամսի 26-ին Մերին շատ վատ էր, կնոջս մայրը զանգեց Շուշանիկ Բախշյանին, որն էլ ասաց, թե տարեք հիվանդանոց, ես կզգուշացնեմ այնտեղ: Գնացինք հիվանդանոց, ժամը 16:30-ի սահմաններում տեսել եմ հերթապահ բժշկին` Տիգրան Սարգսյանին, խնդրեցի թոքերն ռենտգեն անել, բայց չարեց` պատճառաբանելով, որ չի կարելի հղիության այս փուլում: Հետո էլ չեմ տեսել նրան»,- ասաց նա:
Հուլիսի 27-ին Մերի Մարգարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և որոշում է կայացվել տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն. «Այստեղ ինձ ասացին, որ շտապ պետք է կեսարյան հատում անել, վայրկյանները կարևոր են... երկու օր անց Մերին մահացավ»:
Դատարանն անցավ գործում առկա գրավոր ապացույցների հետազոտմանը, մասնավորապես, հրապարակվեց Շուշանիկ Բախշյանի հեռախոսային վերծանումները:
Հաջորդ դատական նիստում, որը նշանակվեց օգոստոսի 2-ին՝ ժամը 10:30-ին, կհրապարակվի փորձագիտական եզրակացությունները:
Նշենք, որ Մերի Մարգարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը դատավոր Դավիթ Բալայանը չորս անգամ հետ է ուղարկել դատախազին` թերություններն ու վրիպակները շտկելու:
2015 թվականի հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը երկու օր անց մահացել է:
Ըստ Քննչական կոմիտեի` դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մերի Մարգարյանը չորս օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։ Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհեև` նորածնի մահը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: