22/07/2016 14:41
Մտավորականները կրկին հորդորում են զինված խմբի անդամներին բացառել արյունահեղությունը և վայր դնել զենքը
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը կարծում է, որ Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի փոխզիջումային տարբերակով:
«Երկու կողմն էլ դեմ են արյունահեղությանը և սա նրանց ընդհանուր եզրն է: Պետք է մի այնպիսի լուծում գտնել, որ բավարարի երկու կողմին էլ և լինի օրենքի սահմաններում: Պետք է վերջնական լուծում տրվի այս հարցին, հետագա արյունահեղությունը կանխելու համար», - ասաց Ռուբեն Բաբայանը լրագրողների հետ հանդիպմանը:
Իր հերթին գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին և հորդորեց վայր դնել զենքը:
«Պավլիկ ջան, դու ինձ հիշում ես, և ես որպես ավագ ընկեր խորհուրդ եմ տալիս քեզ վայր դնել զենքերը, ազատել պատանդներին: Խնայեք ոչ միայն պատանդների, այլ նաև ձեր կյանքը: Դուք դեմ եք դուրս եկել պետությանը, և դա լավ ավարտ չի ունենում: Սակայն իշխանությունը չի ուզում այդպես լինի և դուք էլ չեք ուզում, ուստի հորդորում եմ վայր դնել զենքերը», - ասաց Մ.Տեր-Գուլանյանը: