22/07/2016 18:59
Ռազմական ավիացիոն համալսարանն ավարտած սպաներն ընտրել են իրենց ծառայության վայրերը
Հուլիսի 22-ին շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն է տեղի ունեցել ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագետների հմտություններ ձեռք բերած բոլոր շրջանավարտները Ռազմական ավիացիոն համալսարանում ուսումնառության ընթացքում անցել են համապատասխան որակավորման դասընթացներ, հաջողությամբ հանձնել են ավարտական քննությունները և պատրաստ են հետագա ծառայությունը շարունակել զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում:
Կարճատև արձակուրդից հետո երիտասարդ սպաները կմեկնեն զորամասեր՝ համալրելով զինված ուժերի սպայակազմի շարքերը: