22/07/2016 22:51
Նիկոլ Փաշինյանը գլխավորեց հանրահավաքը. գլխավոր սիմվոլը՝ բաց և վեր բարձրացրած ձեռքերն են
«Ես եղել եմ, կամ և լինելու եմ այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ կլինի ժողովրդին և ՀՀ քաղաքացիներին: Ուզում եք ապրել ուժեղ և երջանիկ ազատ Հայաստանում, ումերն կապրեք այդպիսի Հայաստանում, ես ձեզ կարող եմ օգնել»,- Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին ասաց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ոչ ոստիկանությանը, ոչ բանակին, ոչ մեկին չի ապացուցելու, որ Սերժ Սարգսյանը պետք է իշխանությունից հեռանա, ժողովուրդը պետք է այդ որոշումը կայացնի Հայաստանի փողոցներում, կամ չկայացնի:
«Այս քաղաքական հարթակը հարգանքով է վերաբերելու ցանկացած որոշման», - ասաց նա:
Ն.Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին չտրվել սադրանքներին, կոչ արեց ոգելից կամ թմրանյութ օգտագործած քաղաքացիներին գնալ տուն:
«Այստեղ չի կարող լինել բռնություն գործադրելու մտադրությամբ եկած ոչ մի քաղաքացի և այս շարժման գլխավոր սիմվոլը լինելու է բաց և վեր բարձրացրած ձեռքեր, ցույց տալու համար, որ մեզ պետք չէ մեր ձեռքին ունենալ մահակ, քար կամ փայտ, մեր ուժը ցույց տալու համար, մենք ուժեղ ենք մեր մտքով, մեր սիրով, մեր պատմությամբ, մեր պատասխանատվությամբ: Ես երաշխավորում եմ, ինչ որոշում կայացնի ժողովուրդը, դա ի կատար է ածվելու», - ասաց նա: