23/07/2016 13:56
Ինձ գետնին տվեցին, թևս ու ակնոցս ջարդեցին՝ ասելով գնա էստեղից. Ոստիկանները կոտրել են կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեռքը
Էրեբունիի շրջանում գտնվող ոստիկանության շենքի տարածքում ոստիկանները բռնություն են գործադրել կինոռեժիսոր Արամ Շահբազյանի նկատմամբ, որի հետևանքով ռեժիսորը ստացել է ձախ թևի կոտրվածք: Բախման պատճառը բոլորովին էլ վերջին օրերին տիրող երևանյան իրավիճակը չէ:
«Ընկերս որոշ անձնական խնդիրներով գնացել էր Էրեբունիի ոստիկանություն, կանգնած էր ոստիկանության շենքի դիմաց, ես էլ փորձում էի Սասունցի Դավթի փողոցի կողմից մոտենալ նրան: Ոստիկաններին հարցրեցի՝ տղերք ջան, կարո՞ղ եմ այս կողմից իրեն մոտանալ, ասացին՝ ոչ: Նորմալ զրուցում էինք, տարբերակ մտածում, թե որ կողմով կարելի է մոտենալ ընկերոջս: Ես արդեն պատրաստվում էի հեռանալ, մեկ էլ կողքից ՊՊԾ-ի տղերքը սկսեցին իրենց ոչ կոռեկտ պահել, թե՝ «արա, հելար ըստեղից»: Ես էլ, բնականաբար, ասեցի՝ «արան դու ես, այ հայվան»: Մեկը հրամայեց, թե բռնեք դրան. ինձ բռնեցին, տվեցին գետնին, թևս ու ակնոցս ջարդեցին ու ասեցին՝ գնա էստեղից»,- Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց ռեժիսորը:
Այս գործով քննչականն է զբաղվում, բնականաբար, գործը կտրվի հատուկ քննչականին: «Հուսով եմ՝ մինչև վերջ իրենք նորմալ կզբաղվեն ու կհասկանանք՝ ինչո՞ւ ինձ տապալեցին գետնին, ի՞նչ էի արել: Մեջները մի նորմալ տղա կար, իր հետ նորմալ, հանգիստ խոսում էի, թե ոնց ընկերոջս հասնեմ: Այդքան բան»,-ընդգծեց նա:
Դեպքից հետո Արամ Շահբազյանի հետ նրանցից ոչ-ոք կապ չի պահել: «Ուզում էի գնալ Էրեբունի ոստիկանություն, ասեցին՝ անհնար է շենքին մոտենալ: Մենք էլ զանգեցինք «102»՝ Էրեբունին եկավ մեր օֆիս: Նույնիսկ, երբ ասացի, որ իրենց մոտ չէին թողնում, այդ տղաները ծիծաղում էին, թե ոնց կարող էին, ինչ իրավունք ունեին չթողնել»,-եզրափակեց Արամ Շահբազյանը: