23/07/2016 18:13
Զինված խումբը պատրաստվում է շարունակել մնալ գրավված ՊՊԾ գնդի տարածքում. Պավլիկ Մանուկյան
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարրել է, որ նրանք «կմեռնեն, բայց իշխանությանը չեն հանձնվի»:
Գրավված ՊՊԾ գնդի տարածքից Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ զինված խմբի անդամները չեն պատրաստվում հանձնվել:
«Կմեռնենք, բայց չենք հանձնվի: Երազում ենք, որ ոստիկանությունը գրոհի: Այդ ժամանակ ոստիկանությանը ցույց կտանք, թե իսկական գրոհը ոնց է լինում», - հայտարարել է Պ.Մովսիսյանը:
Վերջինս շեշտել է, որ ինքը եւ իր թիմակիցները շարունակելու են մնալ գնդի տարածքում:
«Մենք մնալու ենք այս տարածքում եւ ժողովրդին կոչ ենք անում համախմբվել», - ասել է նա:
Վերջինս տեղեկացրել է, որ բանակցություններ են վարում միայն ԼՂՀ պատգամավոր Վիտալի Բալասանյանի հետ:
Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը Aysor.am-ի թղթակցին հայտնել էր, որ Պարեկապահակային ծառայության շենքից ազատ են արձակվել վերջին երկու պատանդները՝ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Պայմանավորվածությունը պատանդներին ազատ արձակելու եւ մամուլի հետ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ ձեռք է բերվել Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ: