23/07/2016 20:12
Վարուժան Ավետիսյանը հորդորեց Փաշինյանին վերջ տալ անձնական և կուսակցական նպատակներով պրոցեսը օգտագործելու փորձերին
Պետք է լինի շարժումը համակարգող մարմին, չպետք է լինեն անձինք, ովքեր փորձելու են շարժումը ծառայեցնել իրենց անձնական կամ կուսակցական շահերին: Այս մասին ՊՊԾ գնդի տարածքում լրագրողներին հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:
«Անշուշտ պետք է լինի համակարգող մարմին, պետք է լինի կառավարում, առանց որի շարժում չի կարող լինել: Պետք է առանձին, մաքուր կենսագրություն ունեցող անհատներ լինեն», - ասաց նա:
«Մենք ստեղծում ենք նոր պետություն: Սա քվազիպետություն է, այսպիսի պետություն չի լինում, կուսակցությունները կուսակցություններ չեն, պաշտոնյաները պաշտոնյաներ չեն, ոմանք էլ ուղղակի սրիկա են», - նշեց Ավետիսյանը:
Պատասխանելով հարցերին՝ նա նաև ընդգծեց, որ ինքը ոչ թե հորդորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հեռանալ Խորենացի փողոցից, այլ հորդորում է վերջ տալ անձնական և կուսակցական նպատակներով պրոցեսը օգտագործելու փորձերին և կոլեգիալ մարմնով, առանց կուսակցական դրոշի լծվել ժողովրդի ազատագրական պայքարը դրական հանգուցալուծման հասցնելու գործին: