23/07/2016 13:15
Մաշտոցի պողոտայում գործող գյուղմթերքի տոնավաճառը վերաբացվել է
Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում` Մաշտոցի պողոտային հարող տարածքում («Մալիբու» սրճարանի հարևանությամբ) վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հիմնական նպատակն է աջակցել գյուղացիական տնտեսություններին առանց միջնորդների կազմակերպել իրենց կողմից արտադրված գյուղմթերքի իրացումը, ինչպես նաև մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն ընձեռել անմիջապես արտադրողից ձեռք բերել թարմ և որակյալ գյուղմթերք:
Տոնավաճառում արդեն իսկ 120 գործող տաղավար կա, մասնակցում են հանրապետության տարբեր մարզեր ներկայացնող գյուղացիական տնտեսություններ:
Գյուղմթերքի տոնավաճառ կազմակերպվում է նաև Կասյան փողոցի վերջնամասում, որը վերաբացվել է հունիսի 11-ին: Այստեղ այս տարի օրական սպառվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականին Մաշտոցի պողոտայում և Կասյան փողոցում կազմակերպվել է 114 տոնավաճառ, որոնց մասնակցել է շուրջ 15 հազար գյուղացիական տնտեսություն:
Տոնավաճառները գործում են շաբաթ և կիրակի օրերին:Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն անվճար է:
Տոնավաճառներին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ) և ստանալ համապատասխան տեղեկանքներ, որոնք կհավաստեն, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվում է վերահսկողություն:
Մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ:
Երևանի քաղաքապետարանը, իր հերթին, աջակցում է տարածքի տրամադրման հարցում և յուրաքանչյուր տոնավաճառի օրվա ավարտին իրականացնելու է տարածքի մաքրման աշխատանքներ: