23/07/2016 20:29
Ծնողներին չհաջողվեց համոզել զինված խմբի անդամ որդիներին. հետ չեն գնալու
«Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գունդ այսօր, բացի լրագրողներից, կարողացան մուտք գործել նաև օրեր առաջ լրագրողների հետ հանդիպած «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Էդգար Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանն ու Հովակիմյան Գառնիկի մայրը՝ Մարինե Պապիկյանը:
«Եկել եմ քեզ հաջող անեմ, ես մեռած մարդ եմ, արի ինձ օգնի: Մեղք եմ ես, արի բալա ջան, ես վատ եմ, հասկանում ե՞ս, խիղճ ունե՞ս, զենքը բրդի գնացինք, դու ընդունակ չես զենք վերցնելու, վեր դիր զենքը», - խնդրում էր Էդգար Սողոմոնյանի հայրը:
Էդգար Սողոմոնյանը նշեց, որ հետ չի կանգնի իր որոշումից, պայքարելու է մինչ վերջ. «Ես չեմ եկել այստեղ ինչ-որ մեկի հետ կռիվ անեմ, ես եկել եմ պայքարեմ, ես հանցագործ չեմ: Որպես հայրենասեր մարդ՝ եկել եմ այստեղ պայքարեմ, պայքարելու եմ մինչև վերջ: Ինձ ոչ մեկ չի ստիպել: Գնացեք տուն, ես հետ եկողը չեմ», - ասաց Էդգար Սողոմոնյանը:
Այն, որ զինված խմբի անդամը զինված էր խոսում հոր հետ, առաջացրեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի զայրույթը. «Զենքդ այստեղ տուր, էս ինչ վիճակ ա, այն աստիճանի ես հասել, որ հորդ հետ զենքով ես խոսում», - ասաց Բալասանյանը՝ վերցնելով Էդգար Սողոմոնյանի զենքը:
Որդուն տուն վերադառնալու խնդրանով ՊՊԾ գնդում էր նաև Հովակիմյան Գառնիկի մայրը, ով Aysor.am-ի թղթակցին ասաց, որ, չնայած իր թախանձագին խնդրանքներին, որդին իր որոշման տերն է եղել. «Ոչ մի կերպ չկարողացա նրան համոզել, նեղացած հեռանում եմ, բայց ասում եմ՝ եթե որդուս գլխից մի մազ պակասի՝ էս զինված խմբին, սաղին վառելու եմ», - ասաց տիկին Մարինեն: