23/07/2016 14:17
Գիշերը կեսարյան հատումով զույգ երեխա ունեցած ծննդկան է մահացել
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով զույգ երեխա ունեցած ծննդկանը, ով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մահացել է:
«44-ամյա կինը հղիացել է օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հղիությունն ընթացել է հարթ, հսկվել է չափորոշիչներին համապատասխան։ Տարիքի և օժանդակ տեխնոլոգիաների կիրառման և տարիքի գործոնով պայմանավորված՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդալուծումն իրականացվել է կեսարյան հատման ճանապարհով, որը նույնպես ընթացել է առանց բարդությունների»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ ծննդկանի մոտ հետվիրահատական շրջանում եղել է արյունահոսություն:
«Կոնսերվատիվ բուժումն արդյունք չի տվել, ինչի հետևանքով կատարվել է արգանդի հեռացում, սակայն նկատվել է արյան մակարդելիության անկում, հետագայում` բացակայություն»,-նշեց Ռ. Աբրահամյանը:
Բազմապրոֆիլային մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով ծնդդկանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք։
«Այստեղ ևս իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, ընդհուպ` ամենաժամանակակից, թանկարժեք դեղամիջոցի օգտագործում, սակայն հուլիսի 23-ին՝ ժամը 1:30-ի սահմաններում, արձանագրվել է կենսաբանական մահ»,-ասաց Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգը։
Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննության։