25/07/2016 13:45
«Սասնա ծռեր» խմբի տղաների արարքի և պահանջների հիմքում ղարաբաղյան հարցն է. Քաղտեխնոլոգ
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև այս պահին խորը բանակցային գործընթաց է ընթանում, հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Նախագահն, ասես, մտադիր չէ ուժի դիմել։ Այս պահին խորը բանակցային գործընթաց է ընթանում։ Կարծում եմ, որ բանակցող կողմերից մեկը Ժիրայր Սեֆիլյանն է։ Մյուս կողմից, այսինքն՝ իշխանությունից, դժվարանում եմ ասել, թե ով է բանակցում»,–լրագրեղների հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը։
Վերջինիս խոսքով՝ «Սասնա ծռեր» խմբի տղաների արարքի և պահանջների հիմքում ղարաբաղյան հարցն է:
«Վիտալի Բալասանյանն իր երեկվա հայտարարության մեջ ուղղակիորեն ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանին ամենաշատը հետաքրքրում են ազգային նշանակության խնդիրների շուրջ բանակցությունները: Նա ուղղակիորեն հայտնեց, որ եթե վայր են դրվում զենքերը, ապա այդ խնդիրների շուրջ Սեֆիլյանի հետ սկսվում են բանակցությունները»,-ասաց նա:
Քաղտեխնոլոգը նշեց, որ Սեֆիլյանը կարող է հանգուցալուծել այս լարված իրավիճակը։
«Եթե պայմանավորվածության հասնեն ղարաբաղյան հարցի լուծման անցանկալի սցենարների սառեցման կամ հետաձգման հարցով, մնացած հարցերը կլուծվեն»,– ընդգծեց Վիգեն Հակոբյանը: