25/07/2016 15:41
Բեռնատարի վարորդը ցուցմունք է տվել «Սասնա ծռեր»-ի դեմ
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին իր բեռնատարը տրամադրած «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը, ով երկու ամսով կալանավորել է, ցուցմունք է տվել «Սասնա ծռեր» խմբավորման դեմ:
«Այո, իմ պաշտպանյալ Գիչյանը ցուցմունք է տվել՝ ասելով, որ «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամներ վերցրել են իր մեքենան՝ ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Այս մասին նաև ԱԱԾ-ն էր հաղորդել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այլ մանրամասներ իրավասու չէ հայտնել, քանի որ ցուցմունքը նախաքննական գաղտնիք է:
«Եթե կամավոր չի տվել բեռնատարը, դուրս է գալիս, որ չի օժանդակել խմբին: Ճիշտ է, հիմա իմ պաշտպանյալը երկու ամսով կալանավորված է, բայց այդ ժամկետը պարտադիր չէ նախաքննական մարմնի համար: Եթե գտնեն, որ կալանավորման հիմքերը վերացել է, հնարավոր է, որ խափանման միջոցը փոխարինվի ստորագրությամբ չհեռանալով», - ասաց փաստաբան Սարգսյանը:
Խաչատուր Գիչյանը կալանավորվել է հուլիսի 20-ին: Գիչյանին մեղադրանք է առաջադրվել շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու և տեղափոխելու հոդվածներով, սակայն նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: