25/07/2016 13:23
Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորընծա սպաներին. Այսօրվանից հայ ժողովուրդը նաև անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառմանը, տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Հանրապետության նախագահը ողջունել է հանդիսավոր արարողության մասնակիցներին, շնորհավորել 2016թ. ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին և մաղթել նրանց հաջողություններ ու անփորձանք ծառայություն:
Սերժ Սարգսյանը ուսման մեջ գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: Հանրապետության նախագահը արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով: Արարողությունն ավարտվել է շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:
«Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնա՛յք գեներալներ, սպաներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, հրամանատարաշտաբային ֆակուլտետի, ինչպես նաև մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին՝ ուսումնառության այս փուլը հաջողությամբ հաղթահարելու կապակցությամբ:
Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ: Սա մեր իրականությունն է: Ձեր մասնագիտական ընտրության փաստն արդեն իսկ խոսում է ձեր բարձր նկարագրի և աշխարհայացքի մասին: Այսօրվանից մեր ժողովուրդը նաև անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը և խաղաղ ապրելու իրավունքի իրականացումը: Այդ պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին բանակինն է, որովհետև նա առաջին շարքերում է:
Իմ առաջին հորդորն է նորընծա սպաներին. հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի: Ռազմական ունակություններն ու հմտությունները նոր ինքնավստահություն են հաղորդում յուրաքանչյուր զինվորի: Այդ լրացուցիչ ինքնավստահության ապահովումը ձեր պարտքն է:
Հիշեք, որ ձեր թիկունքում ոչ միայն ձեր ընտանիքներն են, այլև երկիր և մատենադարան: Մատենադարան նշանակում է քաղաքակրթություն, որի համահեղինակը, կրողն ու ներկայացուցիչն ենք մենք: Այդ քաղաքակրթությունը իր մեջ պարունակում է արժեքներ և այդ քաղաքակրթությանը դեմ են բռնությունն ու արյունահեղությունը, բիրտ ուժն ու տմարդիությունը, անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը: Հայ զինվորականի, սպայի պատվո վարքականոնը արձանագրված է վաղուց և առկա է նույն մատենադարանում: Դուք ձեր ծառայության ամեն մի օրը պիտի դարձնեք ապացույց, որ մատենադարանը ձերն է, որ մատենադարանը մերն է, որ այն մեր արժեքային համակարգն է: Ապացուցեք, որ այլ արժեքներն ու գործելաոճը մերը չեն, օտար են և անընդունելի:
Պաշտպանելով երկիր և մատենադարան՝ դուք պաշտպանում եք այն քաղաքակրթական արժեքները առանց որոնց չկա հայի ինքնություն, չկա Հայաստան:
Կրկին շնորհավորելով ձեզ համար բացառիկ այս իրադարձության առթիվ՝ մաղթում եմ անփորձանք ծառայություն և մեր ողջ ժողովրդի անունից հավաստիացնում եմ, որ մենք ձեզ հավատում ենք: Հավատում ենք, որ հավերժ են հայի ինքնությունը և Հայաստանը, քանզի մենք մեզ երբեք չենք դավաճանելու: Բարի ծառայություն»,- ասել է Սերժ Սրագսյանը: