26/07/2016 16:38
Խորենացի փողոցում նախատեսված հանրահավաքը չի չեղարկվի. Ենիգոմշյան
Խորենացի փողոցում նախատեսված հանրահավաքը չի չեղարկվի կամ մեկ այլ վայր չի տեղափոխվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ և հանարահավաքի համակարգող Ալեք Ենիգոմշյանը:
«Ոստիկանությունը ոչ մի ողջամիտ պատճառ չի ներկայացրել և ոչ մի արդարացում չկա, որ այսօրվա հանրահավաքը տեղափոխվի մեկ այլ վայր: Խորենացի փողոցում հավաքվելը՝ ժողովրդի կամքն է, քանի որ ժողովուրդը որոշել է հնարավորինս մոտ լինել իր հերոսներին, և ոստիկանության կողմից հնչեցված լարվածության մասին ակնարկները լրիվ արհեստական են», - հայտարարեց Ա.Ենիգոմշյանը:
Վերջինս ընդգծեց, որ եթե ոստիկանությունը «ինքը իրավիճակը վտանգավոր չդարձնի՝ այլ վտանգ չի կարող լինել»:
«Այս պահի դրութմաբ ոչ մի փոփոխություն չկա, որովհետև ոչ մի պատճառ չկա, որ մենք ընդառաջենք ոստիկանության կոչին և փոխենք մեր հավաքի վայրը», - հայտարարեց Aysor.am-ի զրուցակիցը:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով «հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր:
«Ոստիկանությունը փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով: Ուստի ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը», - զգուշացրել է ոստիկանությունը:
Հուլիսի 18-ից սկսած մի խումբ քաղաքացիներ ամենօրյա ռեժիմով երեկոները հավաքում են Խորենացի փողոցում, որտեղ գտնվում է ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը: