26/07/2016 18:04
Կալանավորված Արարատ Խանդոյանի փաստաբանը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր՝ազատամարտիկ Արարատ Խանդոյանի փաստաբանը պատրաստվում է Վերաքննիչ դատարան դիմել իր պաշտպանյալի կալանավորումը՝ որպես խափանման միջոց վերացնելու համար:
«Պատրաստվում եմ վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել կալանավորումը՝ որպես խաբանման միջոց վերացնելու և իմ պաշտպանյալին ազատ արձակելու մասին, քանի որ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու համար», - Aysor.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս խոսքով՝ դատարանի որոշումը «ապօրինի է, քանի որ որևէ փաստական տվյալով հիմնավորված չէ, թե ինչու է Խանդոյանը կալանքի տակ պահվում»:
«Դատարանը գրել է, որ իմ պաշտպանյալը կարող է փախուստի դիմել, խոչընդոտել քննությանը: Սակայն դա հիմք չի կարող լինել», - ասաց նա:
Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեկան օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով):
Այդ հոդվածով նախատեսվում է պատիժ՝ երեքից ութ տարի ժամկետով ազատազրկում:
«Նրան կալանավորել են երկամսյա ժամկետով», - ասաց պաշտպանը:
Նշենք, որ Արայիկ Խանդոյանի եղբայրը ձերբակալվել էր հուլիսի 21-ին։