26/07/2016 13:31
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Քուվեյթի դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդիին, ով Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը, տեղակացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը Հայաստանում և նշել, որ նրա աշխատանքի շնորհիվ դրական տեղաշարժեր են արձանագրվել հայ-քուվեյթյան հարաբերություններում:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել է երկու պետությունների միջև առկա երկխոսությունը:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի առավել ամրապնդումը, ինչպես նաև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումը:
Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Քուվեյթի միջև առկա բարեկամական հարաբերությունները կշարունակվեն զարգանալ նաև նոր դեսպանի պաշտոնավարման ընթացքում:
Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և տարիներ տևած արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ Հայաստանից գնում է լավ հիշողություններով:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դեսպանը վստահեցրել է, որ դրանք հաստատուն հիմքերի վրա են և շարունակում են զարգանալ:
Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին նույնպես կարևորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են բարեկամական խմբերի աշխատանքը, երկկողմ շփումները, առևտրատնտեսական համագործակցության զարգացումը:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին: