26/07/2016 14:54
ՀՀ-ի և ԵՄ-ի միջև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով. Մելքոնյան
Հայաստանի և Եվրոպական միության միջև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
«Ներկայում չկա որևէ սուր հարց, որը խնդրահարույց լինի բանակցային գործընթացի տեսանկյունից: Կես տարվա ընթացքում մի քանի անգամ ունեցել ենք բանակցային շրջափուլեր փոխադարձ այցելությունների և տեսակոնֆերանսների միջոցով: Ամսական մի քանի անգամ տեսակոնֆերանսների միջոցով ոլորտային բանակցություններ ենք անցկացնում, հատկապես առևտրի և ներդրումների մասով: Մինչև տարեվերջ բանակցային երկու փուլ է դեռ նախատեսվում», - ասաց փոխնախարարը լրագրողների հետ զրույցում:
Վերջինս դժվարացավ ասել, թե բանակցություններն ինչ ժամկետներում կավարտվեն:
«Այս բանակցային գործընթացը նաև իր յուրահատկությունն ունի, քանի որ մենք հիմա շատ հարցերում յուրաքանչյուր քննարկվող նորմ ու համաձայնություն դիտարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանձնած մեր պարտավորությունների համատեքստում: Դա տեխնիկական ու մասնագիտական առումով աշխատանքներն առավել խորքային ու ծավալուն է դարձնում, որը նաև ժամանակ է պահանջում», - ասաց Գ.Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը անցյալ տարվա հոկտեբերի 13-ին Եվրահանձնաժողովին մանդատ է տվել Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Սպասվում է, որ բանակցությունների ավարտից հետո Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիր է ստորագրվելու, որի հիմքը լինելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը:
Ասոցացման համաձայնագիրը և դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը չստորագրվեց, քանի որ Հայաստանը աննդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: