26/07/2016 12:24
Հայաստանի տնտեսական կանխատեսումները շարունակում են լավատեսական լինել
Միջազգային վարկանշային «Ֆիթչ» ընկերության կանխատեսումներով` այս տարի Հայաստանում տնտեսական աճը կկազմի 3,5 տոկոս։ Հաջորդ երկու տարիների համար ակնկալվում է միջինը 3,6 տոկոս աճ։
Նախկինում այս կազմակերպության գնահատականը ընթացիկ տարվա տնտեսական աճի վերաբերյալ անհամեմատ համեստ էր։ Այն ընդամենը 2 տոկոսի սահմաններում էր։ Ստացվում է, որ վերջինս այժմ շատ ավելի դրական սպասելիքներ ունի Հայաստանի տնտեսության վերաբերյալ։
«Ֆիթչ» վարկանշային ընկերության այս տարվա տնտեսական աճի գնահատականը գրեթե համընկնում է կառավարության միջինաժամկետ ծախսերի ծրագրով ներկայացված ակնկալիքներին։
Ինչպես հայտնի է, այդ փաստաթղթով գործադիրը կանխատեսում է ապահովել 3,7 տոկոս տնտեսական աճ։
Ակնհայտ է, որ տնտեսական զարգացումների վերաբերյալ ինչպես կառավարության, այնպես էլ «Ֆիթչի» սպասումները էապես գերազանցում են պետական բյուջեով նախատեսված ցուցանիշը։
Հիշեցնենք, որ այս տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով տնտեսական աճի սպասելիքներն ընդամենը 2,2 տոկոսի սահմաններում են։
Վարկանշային ընկերության փորձագետները սկսել են ազդեցությունների առումով ավելի քիչ կապ տեսնել արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա։
Ուստի կարծում են, որ Հայաստանի տնտեսությունը կշարունակի աճել, անկախ նրանից, որ Ռուսաստանից եւ ԱՊՀ այլ երկրներից ռիսկերը վերջին երկու տարիներին բավականաչափ ավելացել են։
Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունները սկսել են տնտեսական ազդեցությունների առումով ավելի քիչ տեղ հատկացնել նավթի գներին եւ Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող դրսեւորումներին։ Մի բան, ինչը բնական է, հատկապես այս տարվա սկզբի ցուցանիշների ֆոնին։
Ինչպես հայտնի է, առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվեց 4,4 տոկոս տնտեսական աճ։ Թեեւ առաջին կիսամյակի տնտեսական աճը դեռեւս չի հրապարկվել, այդուհանդերձ տնտեսական ակտիվությունը շարունակում է բավականաչափ բարձր լինել։
Վեց ամիսների տվյալներով՝ այն կազմեց 4,8 տոկոս՝ մեկ տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Հաշվի առնելով տնտեսական բավական բարձր աճի հեռանկարները եւ ֆինանսական համակարգում առկա միտումները՝ «Ֆիթչը» վերահաստատել է Հայաստանի վարկանիշը՝ կանխատեսելով կայունության ապահովում։
Դրանով հանդերձ, իհարկե վերջինս որոշակի խնդիրներ է տեսնում մի շարք ոլորտներում։
Հայաստանի վարկանիշի վրա բացասաբար են ազդում մասնավորապես՝ արտաքին պարտքի բեռը, բանկային համակարգի բարձր դոլարայնացումը, բյուջեի դեֆիցիտի մեծությունը, ինչպես նաեւ հարեւան երկրի հետ ունեցած լարվածությունը։