26/07/2016 15:31
ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը բացասաբար կազդի տնտեսության բոլոր ճյուղերի և բիզնեսի ակնկալիքների վրա. Վահագն Խաչատրյան
Երևանի Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ստեղծված արտառոց իրավիճակը, Խորենացի փողոցում կատարվող իրադարձությունները բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Խորենացիում տեղի ունեցող իրադարձությունները միանշանակ բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա: Մեր՝ առանց այն էլ ճգնաժամային իրավիճակում գտնվող տնտեսությունը մեծապես տուժելու է այս ամենից», - նման տեսակետ հայտնեց Վ.Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ որքան այս խնդրի հանգուցալուծումն արագ լինի ու, ամենակարևորը, ընդունելի հասարակության կողմից, այնքան ավելի օգտակար կլինի տնտեսությանը:
«Եթե չէ, սա երկար կշարունակվի ու այն ակնկալիքներն ու սպասելիքները, որ ունեին իշխանությունը կամ բիզնես ներկայացուցիչները, չեն կարող իրականանալ», - ընդգծեց տնտեսագետը:
Նա չառանձնացրեց ոչ մի ոլորտ, որն ամենաշատը կարող է տուժել՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով:
«Այնպիսի բարվոք վիճակում չենք, որ ասենք որը շատ տուժեց, որը՝ չէ: Առանց բացառության՝ բոլոր ոլորտներն էլ տնտեսական վատ վիճակում են: Մեր քաղաքացիները դարձել են անվճարունակ, քաղաքացիների թիվը գնալով պակասում է և ներքին շուկան այլևս չի կարող համարվել տնտեսությանը նպաստող», - նշեց նա:
Վ.Խաչատրյանի խոսքով՝ հիմա փորձ է արվում տնտեսությանը նպաստել արտահանման միջոցով, բայց արտահանումն էլ իր խնդիրներն ունի՝ կապված դրամի անկայունության հետ:
«Այնպես որ՝ եթե ընդհանուր բնութագիր տանք՝ բոլոր բնագավառներին էլ կվերաբերի տնտեսական լուրջ խնդիրը, իսկ եթե համեմատելիի մեջ ասենք՝ ավելի շատ կկրճատվեն ներքին սպառման ծավալները: Դա նշանակում է առևտուր, սպառում, սպասարկման բնագավառ, նաև՝ շինարարություն, որի միտումներն արդեն զգացվում են» ,- հավելեց տնտեսագետը: