26/07/2016 18:51
«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել. նա իրեն մեղավոր չի ճանաչում
Գիշերը փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:
Հարությունյանի պաշտպանը նշեց նաև, որ Հովհաննեսն իրեն մեղավոր չի ճանաչում և հրաժարվել է ցուցմունք տալուց:
Նշենք, որ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը սահմանում է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։
Այս հոդվածով նախատեսում է ազատազրկում 6-12 տարի ժամկետով:
235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:
Այս հոդվածով նախատեսում է 3-8 տարի ազատազրկում: