26/07/2016 15:21
Սննդի անվտանգության դիտարկումներ` քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է վերահսկողությունը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման նկատմամբ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հաշվի առնելով ամռան ամիսների ջերմաստիճանային բարձր ֆոնը՝ հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը սննդամթերքի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանը և պայմաններն ապահովելու ուղղությամբ:
«Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ճաշացանկերի համապատասխանությանը եղանակային պայմաններին: Ըստ այդմ հանձնարարվել է երեխաների սննդակարգը համալրել բանջարեղենի և մրգի տեսականիով, ինչպես նաև ապահովել հեղուկի անհրաժեշտ քանակություն:
Այցելությունների ընթացքում տեղերում պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ`սահմանված բոլոր չափանիշները խստագույնս պահպանելու նպատակով»,-ասված է քաղաքապետարանի հայտարարությունում: