26/07/2016 20:24
Խորենացի փողոցում ոստիկանական ուժերի թիվը մեծացվել է, բերվել է ջրցան մեքենա
Քիչ առաջ 5 «Գազել» մակնիշի միկրոավտուբոսներով ու ավելի քան մեկ տասնյակ ավտոբուսներով Խորենացի փողոց բերվեցին ոստիկական ուժեր:
Այստեղ է բերվել նաև ջրցան մեքենա։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով «հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր:
«Ոստիկանությունը փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով: Ուստի ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը», - զգուշացրել է ոստիկանությունը:
Հուլիսի 18-ից սկսած մի խումբ քաղաքացիներ ամենօրյա ռեժիմով երեկոները հավաքում են Խորենացի փողոցում, որտեղ գտնվում է ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը: