26/07/2016 13:30
«Սասնա ծռեր» զինված խմբավորման վիրավոր անդամների հարազատները չեն դիմել Փաստաբանների պալատ
«Սասնա ծռեր» զինված խմբավորման երկու անդամների՝ Աշոտ Պետրոսյանի ու Հովհաննես Հարությունյանի հարազատները չեն դիմել Փաստաբանների պալատ:
«Իրավական աջակցություն ստանալու նպատակով ՓՊ որևէ մեկը չի դիմել», - Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ Փաստաբանների պալատում:
«Սասնա ծռեր» զինված խմբավորման երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, վիրահատվել են:
Բժիշկները նրանց վիճակը գնահատում է բավարար:
«Երկուսն էլ ոտքերի հրազենային վիրավորում են ստացել, մեկը՝ հրազենային կույր վիրավորում, մյուսը՝ հրազենային թափանցող վիրավորում ու կոտրվածք։ Ստացված հրազենային վիրավորումներն այնպիսին են, որ հետագայում նրանք ոչ մի խնդիր չեն ունենա», - լրագրողներին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ներկայացուցիչ Հարություն Մանգոյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 26-ին ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։