27/07/2016 14:22
Ենիգոմշյան. Բժիշկներին ոչ թե պատանդ են վերցրել, այլ պահում են գնդի տարածքում
«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները բժիշկներին պատանդ չեն վերվրել, այլ պահում են նրանց գնդի տարածքում բժշկական օգնությունն ապահովելու համար, հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
«Տղաները ոչ մեկին պատանդ չեն պահում: Նրանք ուզում են, որ գնդում բժշկական ծառայության հերթափոխ ապահովված լինի, որ բժշկական բրիգադի հերթափոխ լինի», - լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Ենիգոմշյանը:
Նա նշեց, որ զինված խմբի գործողությունները չեն խախտում Ժնևյան որևէ կոնվենցիա:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների:
«Իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել», - հայտնել է ոստիկանությունը: