27/07/2016 13:46
Զինհոսպիտալի պետը՝ բժիշկներին պատանդ վերցնելու մասին. Կարծում եմ՝ գնդում գիտակից մարդիկ են ու ազատ կարձակեն բժիշկներին
Բժիշկը կատարում է իր առաքելությունն ու շարունակում է բժիշկ մնալ, թե՛ թշնամու համար, թե՛ պատերազմի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Էրեբունու ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» խմբի կողմից 4 բժիշկների պատանդ վերցնելու փաստին, ասաց Երևանի Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:
«Բժիշկի առաքելությունը մարդ բուժելն է ու, կարծում եմ, այդ գնդում գիտակից մարդիկ են ու պետք է հասկանան դա: Պետք է հասկանան, որ բժիշկն այնտեղ է, որովհետև իր համար կարևոր չէ, թե սեղանի հիվանդն ով է, ինչ կատեգորիայի է պատկանում: Բժիշկը միևնույն է գնում է, որովհետև իր դերը փրկելն ու բուժելն է»,- ասաց գնդապետը:
Ինչ վերաբերում է պատանդ բժիշկների ազատ արձակմանը, ըստ Արամ Ասատուրյանի, դա պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանների:
«Էլի եմ ասում, այնտեղ գիտակից մարդիկ են ու դա առանց որևէ մեկնաբանությունների պիտի լինի», - ասաց զինհոսպիտալի պետը: