27/07/2016 17:45
Վիլիամ Լահու. Հայաստանը կարող է օգուտներ քաղել այն հանգամանքից, որ Վրաստանում գործում է ՆԱՏՕ-ի ուսումնավարժական բազա
Հայաստանը կարող է որոշակի օգուտներ քաղել այն հանգամանքից, որ Վրաստանում գործում է ՆԱՏՕ-ի ուսումնավարժական բազան, հայտարարեց Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Վիլիամ Լահուն Երեւանում հրավիրված սեմինարի ժամանակ:
«Հայաստանը իսկապես կարող է որոշակի օգուտներ քաղել այն հանգամանքից, որ Վրաստանում գործում է ՆԱՏՕ-ի ուսումնավարժական բազան: Նշեմ, որ Հայաստանի զինված ուժերը հրավիրված են մասնակցելու նոյեմբերին Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի ուսումնական վարժություններին: Այս հարցում կա նաեւ համապատասխան ֆինանսավորում», - հայտնեց նա «Վարշավայի ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո. հետևանքները Հայաստանի համար» խորագրով սեմինարի ընթացում:
Վերջինիս խոսքով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրները շատ կարեւոր են ՆԱՏՕ-ի համար:
«Իհարկե այս երկրների հետ համագործակցությունը շատ տարբեր է», - ասաց նա:
Անդրադառնալով Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ Վ. Լահուեն ասաց, որ «գագաթաժողովի հիմքում ընկած է եղել կոլեկտիվ անվտանգության եւ պաշտպանության հարցը»:
«Աշխարհում առկա մարտահրավերներին դիմակայելու նոր մոտեցումներ են մշակվել, վերաձեւակերպվել են մեր անելիքները: Բոլոր անդամ պետությունները պետք է պատրաստ լինեն ավելի ագրեսիվ պատասխաններ ունենալ՝ եղած մարտահրավերին դիմակայելու համար», - ընդգծեց նա:
Նշենք, որ 2015թ. օգոստոսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մասնակցությամբ Վրաստանում բացվել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնավարժական կենտրոն: