27/07/2016 04:15
Պավել Մանուկյանի և նրա որդու վիրահատությունն ավարտվել է, վիճակը՝ կայուն ծանր է
«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամի վիճակը բժիշկները գնահատում են ծանր կայուն, տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Պավել Մանուկյանը ստացել է զույգ ազդրերի հրազենային վնասվածք, ունի աջ ազդոսկրի բազմաբեկորային վնասվածք: Արամ Մանուկյանը ստացել է ձախ ազդրի հրազենային վնասվածք: Կատարվել է վիրահատական միջամտություն, ոսկրերի ֆիքսացիա», - լրագրողներին ասաց Մ.Մանուկյանը:
Վիրահատությունն ավարտվել է, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
«Երբ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, դա նշանակում է, որ կյանքին վտանգ է սպառնում, սակայն մեր կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ այդ վտանգը նվազեցնելու համար», - ընդգծեց Մ.Մանուկյանը:
Պավել Մանուկյանն ու Արամ Մանուկյանը միացված են արհեստական շնչառության սարքին: Վիրահատությունը տևել է երկու ժամ:
Վիրավոր ոստիկանի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, նա ստացել է ազդրի սրունքի հրազենային վնասվածք: