27/07/2016 11:35
Գիշերը ոստիկանությունը բերման է ենթարկել 64 քաղաքացու
Երևանի Էրեբունու գրաված ՊՊԾ գնդի տարածքից ու Խորենացի-Տիգրան Մեծ փողոցների հատվածից այս գիշեր ոստիկանությունը բերման է ենթարկել 64 քաղաքացու, Aysor.am-ի թղթակցին ասացին ոստիկանության լրատվության բաժնից:
«Նրանք բոլորը բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, կրելու և պահելու կասկածանքով: Մեկի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ: Այդ դեպքով կատարվում է քննություն, մնացած բոլորը ազատ են արձակվել»,-ասաց Aysor.am-ի զրուցակիցը:
Նախօրեին աննախադեպ շատ էր ոստիկանների թիվը Խորենացի փողոցում: Ավելի ուշ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Facebook-ի իր էջում գրել էր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջև, որի հետևանքով վիրավորվել են մեկ ոստիկան, Պավել Մանուկյանն ու նրա որդին, իսկ «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են ոստիկանությանը:
Գիշերվա ընթացքում ոստիկանությունը բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկել Երևանի Խորենացու փողոցից։
Ավելի ուշ «Էրեբունի» հիվանդանոցից հայտնել են, որ Պավել Մանուկյանին և նրա որդուն՝ Արամ Մանուկյանին, վիրահատել են, նրանց վիճակը ծանր է: